SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Thursday, July 12, 2012

Barev, Im Ser...

Sers, Shnorhavor mer hertakan amisy, vor vayelum enq irar het!!! Mer nor kyanqy sksec Hogebani het u , hetevabar, psycho xangarumnerov el sharunakvelu e amboxj kyanqum...
Im psycho-histeric-shizanutih-supermarmeladni-...................elaki nman qaxcr .....



Tortiki nman  hajeli......


Champaigne i pes puziryoknerov li, vor xaxum en shrtunqnerid het.....





Mer naxajasheri pes kataryal....





U qez het inchpes draxtum.....

                           Sirum em qez...















Tuesday, July 10, 2012

Խոստովանանք








Ամառը մեկ տարեկան է....ու ես գժվում եմ քո համար...
Գժության նոպաները բերում են անապատի սառը տաքը, ու այս պարադոքսալ բախման մեջ ես տեսիլքի նման վերհիշում եմ մեր ամառը, աշունը, ձմեռը, գարունը...ու այս բոլորը ամենաայսօրիկ ամառվա մեջ, որ այնքան էլ ամառ չէ, քանզի փոփոխական է...Այս ամառ անփոփոխ ենք մենք, ու փոփոխական է ամառը...Հետաքրքիր փոփոխություն...
Եվ հիասքանչ հուշերի նման իմ ուղեղում հառնում են անցած օրերի պաղպաղակե-օրերը, հագուստները, ժպիտները, հույզերը, ու ես հասկանում եմ. ես սիրում եմ քեզ այնպես, ասես էլ ավել սիրել չի կարելի...
Ուզում եմ գոռալ, արտասվել, ցինիկանալ, վերանալ, նորից ծնվել քո աչքերի կանաչում ու քնել քո գրկում....
Ես ուզում եմ անվերջ խոսել, հուշել, հիշել, ապրել նորից ամեն մի պահը, որ ֆիլմի նման այժմ նկարվում է  ուղեղումս....
Կարոտը խեղդում է, անհամբերության զգացումը նյարդայնացնում, երբ  իմաստալից ժպիտով պատրաստ ես սահել անցած օրերի հաճույքների ալիքների վրայով՝ էլ ավելի հմուտ ու կատարյալ կերպով. այս անգամ էլ ավելի տաք է լինելու...
Ես ուզում եմ , որ այսօրվա առավոտը քո համար բացի նորովի, դու ժպտաս ամենաբարի ժպիտով, խմես իմ սիրո քաղցր սուրճը, վերհիշես ինձ քո մեջ, մեզ՝ մեր քաղաքի անկյուններում, քամիների տակ, ամեն-ամեն տեղ, ուր հասցրել են թափառել մեր ոտքերը...
Ես արթուն եմ մեր սիրո համար...Ամեն օրը մեր սկիզբն է...մենք չենք ուշացել...
Քեզ սիրուն, բարի առավոտ....
Սիրում եմ քեզ, իմ հրաշագույն Արջուկ...ԻՄ...իմ...Իմ...ԻՄ.....Միակ....




Wednesday, April 4, 2012

Shhh......




Եվ ինչ է կոչված` <<չգոռալ>>…
Չհայհոյել, չծաղրել կապույտ երկնքի միագույնությունը,
Չասել, որ արևը ավելի լավ կտաքացնի, եթե կարմիր լիներ,
Չհայհոյել տափակ ուղեղներին ու չքննադատել ամբոխին…
Վախն է ինձ լռեցնելու ու <<մառազմ>> ախտորոշմամբ տալու  դատավճիռ`
 <<Խուլ ու համրերի  կառափնարան>> ,
Բարի գալուստ <<Նոր գենոցիդ>> բերանների.
 գաղափարական  սպանությունը պակաս մտքի  ցեղասպանություն չէ…
Ամենաերջանիկը  սիրելիդ կլինի.
Էլ չի հայցելու քո բառապաշարի  մեղմագույն  օրհնանքը խմել գնալիս ընկերներիդ հետ…
Ես ձայնազուրկ եմ, նույնիսկ  գալիք ընտրություններին,,
Կներեք, օրինաչափությունները  մի կողմ,
Միևնույն է, անխոս եմ…
Եվ այն  մկրատը, որ 3 պառավ մոյաներն էին սրում,
Երկնքից մի հարկ վերև երկնաքեր Օլիմպոսում,
Լեզուս են կտրում…
Էլ չհայհոյել, չծաղրել փողոցի անձրևանոցին
Որ երբեք, լսում եք, երբեք չի ծածկի միայնությունից…(անձրևն անաչառ է),
Չքննադատել Շեքսպիրին գործողությունների  գռեհիկության համար
Ու էլ չարտասանել գոյության խնդիրը,
Համալսարանական ընկերների  անունները՝
Պուպուշիկ, Կուկուս, Զատուլիկ…
Որոնց տրված է <<տաղանդ>> ձանձրույթից խեղդված բուժել ցավերն ու դարդերը ոմանց`
<<Պաթետիկ Առասպել Սիզիփոսյան>>,
Կասեր Վրուբելը իր սատանային նստեցնելիս յասամանների կողքին,
Ու էլ չապավինել դասախոսներիդ ուսմունքին,
Որ կփրկեն ապագադ՝ թելադրելով ՈՉԻՆՉ,
Սարոյանը կասի՝ սպանիր, եթե հարկավոր է, այ քեզ հումանիզմ…

Ու էլ չկանչել կորած բարեկամներին, որ  թշնամուց  վատն են`
 Թշնամիներն անաչառ են,
Ընկերներիդ, այնինչ, սենտիմենտալ ճանապարհորդներ են դեպի Ֆրանսիա..Անգլիա…Վեսալյան Պալատ ու վերջում Մոնմարտր՝
“La boheme” սրճարանում շոկոլադախմության. ախր Մարիա Անտուանետան շոկոլադ էր սիրում….
Ու էլի չգոչել, չարտասանել աղոթք,
<<Թող լինի ոչինչը ամենի,
Թող լինի քո մեծության ոչինչը>>,
Եվ այսպես շարունակ, մինչ ձայնալարերդ կխզվեն, ու երկնքի անեծքը կջարդի գանգդ…


Փաբերը չեն փրկի….
Խմիչքը կմիաձուլվի ծխախոտի թանձրուկին ու կթափվի ուսիդ,
Շուռ կգաս մաքրելու ու ետևում…քո տունն է, համալսարանը նիհիլստ,
Համալսարան դժոխք,
ԱՂջիկներ ՈՉԻՆՉ,
Եվ դեմքերը քայլում են,
Ձեռքներին թվացյալ դրոշը  Ֆրանսիական մեծ հեղափոխության՝
<<Հավասարություն, ազատություն, եղբայրություն>>,
Այնինչ տենչում են 3 բնազդների փրկություն.
<<Տվեք ինձ փող, ես կանեմ ամեն ինչ, Ես Պուպուշիկն եմ>>,
…Եվ կատեն նրանց, ովքեր ունեցել են 150 սիրեկան,
Ջարդել են  տատիկների սնդուկները հագուստները հագնելու փոխարեն,
Ու ազգը ուրացել. հաճելի չէր…
Չեն  արտասվել, երբ պետք էր հուզվել,
Ու չեն երդվել Համալսարանական  երդման օրը…

Ու նրանք կգոչեն….կգոչեն՝ լիբերալիզմ,
Այնինչ աբսոլյուտ միապետության  սիմվոլիզմը  նրանց խաչակրած արշավանքն է դեպի
 << Խենթության գերեզման>>՝
Վերագտնելու  տատիկներին .
Հմմմ…Դոն Կիխոտիզմ…

Ես գոռում եմ, գոչում եմ, որ բոլոր գույները ջնջեն, մնա կարմիրը…

Ջարդեք ատամներս, ասեք, որ տգեղ բերանով սիրուն մտքեր  չես  շարի մարգարտե վզնոցի նման,
Ես կասեմ՝ միևնույն է…
Արձագանքելու եմ ամենամոտ ականջին, որ չի ուզում լսել,
Եվ ինչպես չհայհոյեմ, չծաղրեմ, չլամ,
Երբ կյանքը ինքնին ծաղրում է մարդուն  տալով գոյություն,
Ու այնպես ծիծաղում,
Հեգնում, այլասերում ու ծնում  մեր նմանների  խեղաթյուրված շարունակություն…
Եվ այնպես է փայլում  անթերի ատամնաշարը աստղերի լույսի տակ, որ ուզում ես գոչել՝
Հանգիստ չի՜ տալիս…



Saturday, March 24, 2012

Պարող Ստվերը...



Ես բացում եմ պատուհանը: Այսօր գարնանային չհաջողված գարուն է. Եզրակացություն՝ էկզիստենցիան նույնչափ չհաջողվեց բնության մեջ…
Ես՝ մաքուր ու անմեղ իմ խղճի առաջ,  այդքա՜ն խաբում եմ, վաճառված,ծերացած, երիտասարդացած դեմքով սառում եմ պատուհանի մոտ: Ես այլևս չկամ….Մարտի 15,2012 թվական. այսօր իմ թաղումն է….
Հուսահատությունը համ չունի…
Իմ հոգու ճահիճը…
Ես՝ կանաչ փտած խոտ, որ միայն Նրան է ասում՝ <<Լավ կլինի>>, կամ ես Դիլետանդ եմ , կամ մեծահասակ էշ…Իմ բառաչը Անգործությունն է, համրությունս՝ բողոք, քայլքերս դեպ անհայտության Լեռ, որտեղ գուցե շուտով կգա Մովսեսը ու արծափայլ բառերով կթանկացնի մարմինս, ու ես կփրկվեմ, կհավաքեմ կոշիկներս, բոլոր զգեստներս, պահարանս կդնեմ ուսիս ու կգնամ՝ անտառում ճգնելու Ալբեր Կամյուի ողջ էկզիստենցիալիստական քմահաճույքների շուրջ: Աշխարհիկ կյանքի նյութական շողքը, ամեն դեպքում, անպակաս կլինի. մաշված կոշիկներս կհիշեցնեն, որ  ԵՂԵԼ Եմ…
Մինչդեռ այսօր, չմոռանանք՝ իմ թաղումն է:
Ես կարծես թե վստահ եմ. ես միայն մտածել գիտեմ:
Անհավատ դարձա…ու  մի տեղ կոտրվեցի…և ինչը դադարեցրեց իմ մարմնի գործունեությունը ստեղծելու ԻՄԸ…Եվ այնքա՜ն ուժգին է թվում անելանելիության փականքը, որ ես ասում եմ. ես այսպիսին եմ մնալու հավերժ՝ գլորելով Սիզիփոսի քար, Իմ միտքը, որ չի դառնա գործ…
Իմ մարմինը արդեն բուրում է Հավանայի նեղլիկ փողոցներում: Ես մեռա ստամոքսի խոցից, մինչդեռ խոցը իմ ուղեղում էր: Բայց դե ծնողներս ու սիրելիս չիմացան դրա  մասին. հասկանալն էր անհնարին, իսկ ես հաճախ հոգնում էի կրկնելուց, որ ես ԴՈՒՔ չեմ: Իմ նյարդաթելիկները  1 մմով տարբերում են  ձեր նյարդաթելիկներից…
Հավավան այսօր կորցրեց մեկին…Եվ ինչ հիանալի է, երբ ստվերը կանգնած պատուհանի մոտ շնչում է հնամենի վարագույրի փոշին, որ բերում է փողոցը, ու ծխախոտի երանգների միջից նրբորեն տարանջատում է ՈՉՆՉԻ երանգը ու դեմոնական ժպտում…
Ա՜խ, Իմ ապատիա…..ինչ հրաշք ես դու քո ամբողջության մեջ…Իմ ապատիական դագաղը քշվում է մոյաների կողմից, որոնց ծերացած ձեռքերը թափահարում են մարմինս ու ստեղծում բլյուզային պարի իմիտացիա: Ես ցնծում եմ: Դիակը ցնծում է…Եվ ինչպես է, որ ստվերը խոսում է մահվան մասին,ասես ոչինչ է մնալ առանց վերմակի ու անվերջ քնել արբեցող դարձող միայնակ սիրեկանի կողքին…Աներևույթ գոյություն…
Սգերթը տեմպի մեջ է…Հավանայի քրտնած բնակիչները չգիտեն օտար մարմնի թաղման պերճանքը..նրանք չեն մեռնում…քանզի ապրում են…
Իսկ ես….ես ասես ապրել եմ արդեն...որ չեմ ապրել…
Եվ հանկարծ ես ափսոսում եմ իմ գեղեցկությունը , որ պիտի դեռ 25 տարուց իր երկար ոտքերով զարդարեր Իտալիայի նեղլիկ մայթերը ու հրճվեր.ՊԱՀԸ անցողիկ է…
Պատուհանի գոգին արագորեն հանգչում է ծխախոտը , ու ստվերը, հավաքելով ճամպրուկը ու դնելով ա-լյա հիպպիական գլխարկը, վազում է դուրս:
Թաղման կարգը խախտվում  է: Հյուրերի թիվը պիտի տասը լիներ, իսկ Ստվերը գումարեց ամբողջ մարդկության մեռած քանակը: Փողոցը լցվեց, և Մարմինը ուզեց մեռնել այլ ձև. Ի՜նչ օգուտ թաղվել բոլորի պես ու բոլորի հետ, երբ արդեն  յուրովի է  լուծվել Գոյության տաղտուկը…
Մարմինը Չէր արյունահոսում: Վհուկները խմել էին արյունը նախորդ գիշեր. սմքած մարմինը ավելի սարսափելի է մեռնում…
Ճամպուկներից մեկը ազատ էր և, Աստվա՜ծ իմ, ի՜նչ դժվար էր անմարմին ստվերի համար հատ-հատ ջարդել անսահման ոտքերը, ու նիհիլիզմից ուռչած  տձը գլուխը, չորացած կրծքերը  խցկել կաշվե հնամաշ ճամպուկի մեջ, որ գնել էր մի ճամփորդից 1959 թվականին, երբ սիրահարված Ջեք Կերուակի  <<Ճանապարհի վրա>> վեպին, գնել էր այն գիրքը պահելու համար…


Եվ դեռ չէր անցել 10 րոպեն, երբ Ստվերը  թվացածին կարմիր շրթներկը շուրթերին, Սիրելիի  նվիրած կարմիր ստիլլետոներով, երկար ագռավաներկ վարսերը տված ընկերոջ՝ քամու շոյանքին, վազում էր  կառափնարանն ի վար՝ դեպ Օվկիանոսը:
Ստվերը Մարմինը մասնատեց, աղաց ոսկորները շաա՜տ մանրակրիտ և պահեց միայն հետույքը, որ պիտի տակապեր: Աղացած ոսկորները հիշեցնում էին մամոնտների մաշված ոսկորները. նրանք էլ էին ժամանակին մեծ եղել…
Եվ մինչ հետույքը խորովվում էր, ամբողջ մարմինը դարձել էր մի բուռ, և ինչպիսի՜ թեթևություն. ստվերը արդեն միայնակ չէր. մարմինը 23 գրամ էր…
Եվ այնպիսի ցնծությամբ, ինչպիսին  երիտասարդ օպերային երգիչն է ապրում բենեֆիսից հետո, երբ հանդիսատեսները, դարձած վարդի կոկոններ, բացվում են ձայնի մոգության տակ ու պարտված թափվում երգիչի ոտքերի առաջ, Ստվերը փակեց աչքերը ու երեք վարկյանում վերանայեց փոշու երբեմնի մարմնակերտ գոյությունը ու այն, ինչ այժմ է…
Այժմ հաղթանակն է, անտեսանելի գոյությունը, և հանելով կոշիկները, վառելով ծխախոտը, նստեց ծովափնյա սրճարանում: Սուրճը արդեն սեղանին էր: Փոշին, որ ակնոցների տակից կանաչ էր թվում, լցրեց սուրճի մեջ , խմեց՝զգալով  Վերջի ավարտը անվերջության մեջ: Մարմինը էլ չկար:
Հաղթահարվեց Ժամանակի ձանձրույթը…



15.03.2012