SmOkE Me HarD...

SmOkE Me HarD...

Wednesday, April 4, 2012

Shhh......




Եվ ինչ է կոչված` <<չգոռալ>>…
Չհայհոյել, չծաղրել կապույտ երկնքի միագույնությունը,
Չասել, որ արևը ավելի լավ կտաքացնի, եթե կարմիր լիներ,
Չհայհոյել տափակ ուղեղներին ու չքննադատել ամբոխին…
Վախն է ինձ լռեցնելու ու <<մառազմ>> ախտորոշմամբ տալու  դատավճիռ`
 <<Խուլ ու համրերի  կառափնարան>> ,
Բարի գալուստ <<Նոր գենոցիդ>> բերանների.
 գաղափարական  սպանությունը պակաս մտքի  ցեղասպանություն չէ…
Ամենաերջանիկը  սիրելիդ կլինի.
Էլ չի հայցելու քո բառապաշարի  մեղմագույն  օրհնանքը խմել գնալիս ընկերներիդ հետ…
Ես ձայնազուրկ եմ, նույնիսկ  գալիք ընտրություններին,,
Կներեք, օրինաչափությունները  մի կողմ,
Միևնույն է, անխոս եմ…
Եվ այն  մկրատը, որ 3 պառավ մոյաներն էին սրում,
Երկնքից մի հարկ վերև երկնաքեր Օլիմպոսում,
Լեզուս են կտրում…
Էլ չհայհոյել, չծաղրել փողոցի անձրևանոցին
Որ երբեք, լսում եք, երբեք չի ծածկի միայնությունից…(անձրևն անաչառ է),
Չքննադատել Շեքսպիրին գործողությունների  գռեհիկության համար
Ու էլ չարտասանել գոյության խնդիրը,
Համալսարանական ընկերների  անունները՝
Պուպուշիկ, Կուկուս, Զատուլիկ…
Որոնց տրված է <<տաղանդ>> ձանձրույթից խեղդված բուժել ցավերն ու դարդերը ոմանց`
<<Պաթետիկ Առասպել Սիզիփոսյան>>,
Կասեր Վրուբելը իր սատանային նստեցնելիս յասամանների կողքին,
Ու էլ չապավինել դասախոսներիդ ուսմունքին,
Որ կփրկեն ապագադ՝ թելադրելով ՈՉԻՆՉ,
Սարոյանը կասի՝ սպանիր, եթե հարկավոր է, այ քեզ հումանիզմ…

Ու էլ չկանչել կորած բարեկամներին, որ  թշնամուց  վատն են`
 Թշնամիներն անաչառ են,
Ընկերներիդ, այնինչ, սենտիմենտալ ճանապարհորդներ են դեպի Ֆրանսիա..Անգլիա…Վեսալյան Պալատ ու վերջում Մոնմարտր՝
“La boheme” սրճարանում շոկոլադախմության. ախր Մարիա Անտուանետան շոկոլադ էր սիրում….
Ու էլի չգոչել, չարտասանել աղոթք,
<<Թող լինի ոչինչը ամենի,
Թող լինի քո մեծության ոչինչը>>,
Եվ այսպես շարունակ, մինչ ձայնալարերդ կխզվեն, ու երկնքի անեծքը կջարդի գանգդ…


Փաբերը չեն փրկի….
Խմիչքը կմիաձուլվի ծխախոտի թանձրուկին ու կթափվի ուսիդ,
Շուռ կգաս մաքրելու ու ետևում…քո տունն է, համալսարանը նիհիլստ,
Համալսարան դժոխք,
ԱՂջիկներ ՈՉԻՆՉ,
Եվ դեմքերը քայլում են,
Ձեռքներին թվացյալ դրոշը  Ֆրանսիական մեծ հեղափոխության՝
<<Հավասարություն, ազատություն, եղբայրություն>>,
Այնինչ տենչում են 3 բնազդների փրկություն.
<<Տվեք ինձ փող, ես կանեմ ամեն ինչ, Ես Պուպուշիկն եմ>>,
…Եվ կատեն նրանց, ովքեր ունեցել են 150 սիրեկան,
Ջարդել են  տատիկների սնդուկները հագուստները հագնելու փոխարեն,
Ու ազգը ուրացել. հաճելի չէր…
Չեն  արտասվել, երբ պետք էր հուզվել,
Ու չեն երդվել Համալսարանական  երդման օրը…

Ու նրանք կգոչեն….կգոչեն՝ լիբերալիզմ,
Այնինչ աբսոլյուտ միապետության  սիմվոլիզմը  նրանց խաչակրած արշավանքն է դեպի
 << Խենթության գերեզման>>՝
Վերագտնելու  տատիկներին .
Հմմմ…Դոն Կիխոտիզմ…

Ես գոռում եմ, գոչում եմ, որ բոլոր գույները ջնջեն, մնա կարմիրը…

Ջարդեք ատամներս, ասեք, որ տգեղ բերանով սիրուն մտքեր  չես  շարի մարգարտե վզնոցի նման,
Ես կասեմ՝ միևնույն է…
Արձագանքելու եմ ամենամոտ ականջին, որ չի ուզում լսել,
Եվ ինչպես չհայհոյեմ, չծաղրեմ, չլամ,
Երբ կյանքը ինքնին ծաղրում է մարդուն  տալով գոյություն,
Ու այնպես ծիծաղում,
Հեգնում, այլասերում ու ծնում  մեր նմանների  խեղաթյուրված շարունակություն…
Եվ այնպես է փայլում  անթերի ատամնաշարը աստղերի լույսի տակ, որ ուզում ես գոչել՝
Հանգիստ չի՜ տալիս…